Շրջակա միջավայրի կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է նախաձեռնել
Հունվարի 18-ին Հայաստանը ծանուցում է ստացել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ: Տեղեկությունը հաղորդւմ է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Հայկական կողմի հայտարարությունում նշվում է, որ իրավական վեճի եղանակով Ադրբեջանի բարձրացրած հարցերն առնչություն չունեն Բեռնի կոնվենցիայի նպատակի հետ և կարող են բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա, «որը նաև էական վնաս է կրել վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի վարած ագրեսիվ պատերազմների հետևանքով»։
«Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը որոշել է իրավական գործընթաց սկսել այնպիսի փաստաթղթի հիման վրա, որի հիմնական նպատակն է «խթանել համագործակցությունը պետությունների միջև՝ միտված պահպանելու վայրի ֆլորան և ֆաունան և դրանց բնական ապրելավայրերը»։ Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել է իր՝ տարածաշրջանի վայրի բնաշխարհի պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնառությունը՝ ներառյալ Բեռնի Կոնվենցիայի մոնիտորինգային և այլ մարմինների հետ աշխատելու միջոցով։ Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային վարկանիշը ինքնին վկայում է այդ մասին»,- ասված է հայտարարությունում։
Հավելենք, որ Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով: Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«2023-ի հունվարի 23-ին Հայաստանը Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» մեկնաբանման և կիրառման գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր, որը մանրամասն ներկայացնում է Ադրբեջանի կողմից կոնվենցիայի՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները»,- Թվիթերի իր էջում գրել է Կիրակոսյանը։
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: Դատարանը Հայաստանի դիմումի վերաբերյալ լսումներ կանցկացնի հունվարի 30-ին:
Ավելացնել նոր մեկնաբանություն