DETQ

Իրանի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չի կարող լինել. Ղալիբաֆ

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Մուհամմեդ Ղալիբաֆը հայտարարել է՝ Իրանի տարածքային ամբողջականությունը որևէ կողմի հետ քննարկման առարկա չի կարող լինել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Ղալիբաֆը քննադատել է Պարսից ծոցի իրանական երեք կղզիների վերաբերյալ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի վերջին համատեղ հայտարարությունը։ Նրա խոսքով՝ Իրանի իսլամական խորհուրդը կտրականապես մերժում է իրանական երեք կղզիների վերաբերյալ Պարսից ծոցի երկրների և Ռուսաստանի համատեղ հայտարարությունը։

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ ներկայումս Իրանը և Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանի երկու կարևոր երկրներ, զարգացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ ելնելով ընդհանուր շահերից: Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ռուսական կողմն այլ երկրների հետ պետք է համագործակցի՝ հաշվի առնելով Իրանի ժողովրդի կարմիր գծերը, ներառյալ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Փոքր Թոնբ, Մեծ Թոնբ և Աբու Մուսա կղզիների նկատմամբ։

Վերջինս հավելել է, որ այս պահին հյուսիս-հարավ երթուղին Ռուսաստանի համար առևտրային կարևոր առանցքներից է, իսկ Իրանի իշխանությունը Պարսից ծոցի կայունության երաշխավորն է ամերիկյան գերիշխանության դեմ:

#Դետքի_հետագծով

Պարսից ծոցի վերոհիշյալ երեք կղզիներն Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տարածքային վեճի առարկա են, քանի որ երկու կողմն էլ պնդում է կղզիների նկատմամբ իր գերակայությունը։ Խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ բրիտանական օկուպացիայի ժամանակ դրանք հանձնվել են ԱՄԷ-ին, իսկ Իրանը մինչև այսօր չի ընդունում այդ որոշումը։ 

Նախորդ շաբաթ Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների միջև հանդիպում է կայացել։ Հանդիպումից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ Իրանի համար անընդունելի ձևակերպումներ են եղել, իսկ Ղալիբաֆի անդրադարձը կապված է վերոհիշյալ հայտարարության հետ։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն