Իրանցի դասախոսը պնդում է՝ Ադրբեջանը միտումնավոր փորձում է խեղաթյուրել պատմությունը
Թավրիզի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Վալի Դինփարասթը հայտարարել է՝ պատմական աղբյուրներում Ադրբեջան անվանումով պետություն գոյություն չունի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Դինփարասթն ասել է իրանական «Iscannews» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակաիրանական հայտարարություններին՝ իրանցի դասախոսը նշել է, որ կա՛մ նրանք պատմություն չեն ուսումնասիրել, կա՛մ միտումնավոր փորձում են խեղաթյուրել պատմությունը։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցը գրել էր, որ վերջին տարիներին Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները, Իրանի դեմ Ադրբեջանի թշնամական քաղաքականությանը համահունչ, իրականությանը չհամապատասխանող նյութեր են հրապարակում և փորձում արդարացնել իրենց գործողությունները՝ խեղաթյուրելով պատմությունը։ Հոդվածում նշվել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը զգալի ազդեցություն է ունեցել Ադրբեջանի մոտեցումների վրա, և այս երկրի պետական այրերը նույնիսկ հետևում են պատմության խեղաթյուրմանը։
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Թեհրանը Բաքվի գործողությունների նկատմամբ մշտապես ռազմավարական համբերություն է դրսևորել՝ ցանկանալով նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում, և գուցե հենց այս մոտեցումն է պատճառ դարձել, որ Բաքուն սխալ հաշվարկներ անի։ «Անկախ հարցի քաղաքական ասպեկտից՝ պատմական փաստաթղթերը կարող են ճիշտ որոշել տարածաշրջանի պատմության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների նյութերի անիրատեսական բնույթը»,- նշվում է հոդվածում։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների խորացումն անհանգստացնում է Իրանին, քանի որ վերջինս շատ լավ գիտակցում է, որ Իսրայելը և իր դաշնակիցները մտադիր են հնարավոր բախման դեպքում Ադրբեջանի տարածքն օգտագործել որպես պլացդարմ։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված նաև, որ արևմտյան երկրները շատ հաճախ աչք են փակում Ադրբեջանի կատարած հանցագործությունների վրա, քանի որ այս երկրի տարածքն իրենց համար ռազմավարական նշանակություն ունի։
Ավելացնել նոր մեկնաբանություն