DETQ

Իրանի ԳՇ պետը հայտնել է, որ Իրանի թշնամիները հրաժարվել են երկրի դեմ ցամաքային պատերազմ վարելու մտադրությունից

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է՝ արդեն մի քանի տարի է, ինչ Իրանի թշնամիները հրաժարվել են երկրի դեմ պատերազմ վարելու մտադրությունից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Բաղերին շեշտել է, որ ԱՄՆ-ն, սիոնիստական ​​ռեժիմը և Իսլամական Հանրապետության մյուս թշնամիները հանգել են այն եզրահանգման, որ Իսլամական Հանրապետության դեմ ցամաքային  պատերազմը, պարտությունից ու վնասից բացի, ոչ մի արդյունք չի կարող ունենալ: «Ուստի նրանք այս հարցում ամբողջությամբ վերանայել են իրենց դիրքորոշումը»,- ասել է նա։

Իրանի ԳՇ պետի համոզմամբ՝ երկիրը հասել է կայուն և արդյունավետ զսպման, որը մշտապես պահպանվում է և գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով՝ Իրանը վերահսկում է իր թշնամիներին և փորձում վերացնել ցանկացած թերություն, որպեսզի այդ զսպումը շարունակի մնալ կայուն։

«Ուժի բևեռը պտտվում  է Ասիայի ուղղությամբ, և ոչ արևմտյան տերությունները ևս Իսլամական Հանրապետությունը դիտարկում են որպես տարածաշրջանային ուժ»,- ասել է նա։

Բաղերին հավելել է, որ նախորդ տարի աշնանը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Իրանի թշնամիները հասկացան, որ չեն կարող տապալել Իսլամական Հանրապետությունը։


#Դետքի_հետագծով

Իրանական կողմը մշտապես բարձրացնում է իր զինված ուժերի մարտունակությունը՝ թշնամիների սադրանքներին դիմագրավելու համար։ Եվ իսկապես, վերջին տարիներին Իրանի իշխանությունների ձեռնարկած քայլերը երկրի թշնամիներին ստիպել են հրաժարվել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրությունից։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն