DETQ

Իրանը հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ Իրանը հարգում է ցանկացած երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանը նշել է նաև, որ Թեհրանն ընդգծում է պատերազմի շուտափույթ ավարտի անհրաժեշտությունը քաղաքական երկխոսության միջոցով։

Իրանի ԱԳ նախարարը միևնույն ժամանակ դժգոհություն է հայտնել, որ Ռուսաստանը Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի հետ ռազմավարական երկխոսության արդյունքներով ամփոփիչ հռչակագիր է ստորագրել, որը հակաիրանական դրույթ է պարունակել։ Նա ընդգծել է, որ իրանական կողմը չի ընդունի Մոսկվայի կողմից իր հանդեպ նման գործելակերպի կրկնությունը։

«Ռուսաստանի դեսպանին Արտաքին գործերի նախարարություն կանչելուց հետո մենք ռուսական իշխանություններից պարզաբանումներ ենք ստացել, սակայն դրանք բավական չենք համարում։ Մենք Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի կողմից Իրանի տարածքային ամբողջականության հարցում նման գործելակերպի կրկնությունը չենք ընդունի»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Չնայած պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ դեմ է ուկրաինական հակամարտության շարունակմանը և զենք չի մատակարարում կողմերից որևէ մեկին, այնուամենայնիվ Իրանին ուղղված բազմաթիվ մեղադրանքներ են հնչում առ այն, որ երկիրն իրականում աջակցում է Ռուսաստանին։ Թեհրանի կողմից Մոսկվային ցուցաբերվող աջակցության ֆոնին իրանական կողմն անընդունելի է համարում, որ ՌԴ-ն միացել է վերոհիշյալ՝ հակաիրանական ձևակերպումներ պարունակող փաստաթղթին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն