Իրանին որևէ մեկը չի կարող սպառնալ. Իրանի պաշտպանության նախարար
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է՝ Իրանը հզոր և հեղինակավոր պետություն է, որին որևէ մեկը չի կարող սպառնալ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցում ամերիկյան կործանիչների տեղակայմանը՝ իրանցի պաշտոնյան նշել է, որ իրանական կողմն այս հարցում պատասխան քայլեր կձեռնարկի։ «ԱՄՆ-ն հետևում է իր նպատակներին, սակայն Իրանն ուժեղ է ու հեղինակավոր, և որևէ մեկը չի կարող սպառնալ հզոր Իրանին»,- ասել է նա:
Աշտիանին նաև հայտնել է, որ Իրանը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, որպեսզի հասնի իր այսօրվա հզորությանը։ Նրա խոսքով՝ այսօր երկիրն ունի տարածաշրջանային և միջազգային դերակատարություն, ինչը վկայում է, որ Իրանը շարունակաբար առաջադիմում է։
Իրանի պաշտպանության նախարարն այս համատեքստում կարևորել է հատկապես երկրի զինված ուժերի դերակատարությունը։
#Դետքի_հետագծով
Հորմուզի նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, որը միացնում է Պարսից ու Օմանյան նեղուցները։ Դրանով է անցնում այն ծովային ճանապարհը, որով տարվում է Պարսից ծոցի երկրներում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը, և այն միակ ճանապարհն է՝ երրորդ պետություններին, մասնավորապես ԱՄՆ-ին գազ և նավթ մատակարարելու համար։
Ամերիկյան կողմը, գիտակցելով այս նեղուցի կարևորությունը, մշտապես փորձում է մեծացնել տարածաշրջանում իր ազդեցությունը, ինչին Իրանը տարբեր ճանապարհներով հակազդում է։
Ավելացնել նոր մեկնաբանություն