Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հայտնել է, որ Իրանն Ադրբեջանի հետ սահմանային խնդիր չունի
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են, և երկու երկրները սահմանային ու անվտանգային հարցերում որևէ խնդիր չունեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ կատարած իր այցելությանը՝ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը շեշտել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններն օրեցօր զարգանում ու խորանում են, և սա պարբերական՝ ամեն տարի կատարվող այց է։ «Այս այցի ընթացքում գնահատվել է Իրանի ոստիկանության և բանակի սահմանապահ զորքերի պատրաստվածության մակարդակը: Մեր ընկերները բարձր ոգով հսկում և պաշտպանում են երկրի սահմանները»,- ասել է նա:
Բաղերին հայտնել է, որ Իրանի սահմանապահ ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրը, և նրանց աշխատանքն արդյունավետ է։ Հարցին, թե ինչպե՞ս Իրանը կարձագանքի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, Բաղերին պատասխանել է. «Անշուշտ, մեր արձագանքը սուրբ պաշտպանության ժամանակաշրջանի նման ուժեղ է լինելու»:
Վերջինս հավելել է, որ եթե ցանկացած կետում հարձակում լինի երկրի սահմանների կամ շահերի դեմ, զինված ուժերը որպես առաջին քայլ պատասխան կտա հակառակորդին: Նա ասել է, որ Իրանի ժողովուրդը նույնպես միասնաբար կկանգնի թշնամու դեմ իր ողջ ուժով և կոչնչացնի ագրեսորին:
#Դետքի_հետագծով
Չնայած Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առկա լարվածությանը՝ այնուամենայնիվ իրանական կողմը փորձում է դրանք պահել վերահսկելիության սահմաններում և հնարավորության դեպքում կարգավորել։ Իրանը գիտակցում է, որ իր թշնամիներն իր դեմ հնարավոր հարձակման դեպքում Ադրբեջանի տարածքը ցանկանում են օգտագործել որպես պլացդարմ, ուստի ամեն կերպ փորձում է կանխել այդ բախումը, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։
Ավելացնել նոր մեկնաբանություն