Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շահագործել Աստարաչայ կամուրջը
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել Աստարաչայ կամրջի վերակառուցման հետ կապված աշխատանքները և ավարտել դրանք հնարավորինս սեղմ ժամկետում։ Բազրփաշը և Մուստաֆաևը որոշել են, որ կամուրջը շահագործման կհանձնվի առաջիկա չորս ամիսներին։
Բացի դրանից՝ հեռախոսազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է իրանա-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ու Ադրբեջանի փոխվարչապետը միևնույն ժամանակ պայմանավորվել են շարունակել երկու շաբաթը մեկ անգամ հեռախոսային կանոնավոր կապերը՝ մինչև ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործումը:
#Դետքի_հետագծով
Իրանի և Ադրբեջանի իշխանությունները կարևորում են տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչը բխում է երկու երկրների շահերից։ Չնայած երկկողմ քաղաքական լարվածությանը՝ այնուամենայնիվ կողմերը փորձում են թույլ չտալ, որ այդ լարվածությունը վնասի իրանա-ադրբեջանական տնտեսական փոխգործակցությանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն