Submitted by H.Andreasyan on
Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը. Փաշինյան

Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը. Փաշինյան

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի որոշմամբ (խումբը գործում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ)՝ երեկ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել ԼՂ՝ 19 բեռնատարով: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Հումանիտար օգնությունը երեկ հասել է Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված: Մենք խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և ԼՂ: Այս  գործելակերպն անհասկանալի է և անընդունելի: Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու Ադրբեջանի  պատճառաբանությունն այն էր, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով:

Սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում էր որպես պատրվակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար»,- նշել է Փաշինյանը:

Նա թվարկել է երեկ Արցախ ուղարկված 19 բեռնատարների պարունակությունը.

«Ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, աղ՝ 20 տոննա, մանկական կեր՝ 12 տոննա, դեղորայք՝ 9 տոննա:

Երևանից շարժվելուց առաջ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել ու ծանոթացել են Շահումյանի հրապարակում կայանված բեռնատարների պարունակությանը։ Ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը ԼՂ։ Մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը:

Անկախ մեր գնահատականներից՝ սպասում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, որովհետև հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները։

Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն