DETQ

Թուրքիայի մեջլիսը Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով վերջնական որոշում կկայացնի հոկտեմբերին. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ երկրի մեջլիսը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով վերջնական որոշում կկայացնի հոկտեմբերին։ Ըստ «Դետք»-ի՝ թուրքական «Haber Global» լրատվականը տեղեկացնում է, որ Ֆիդանն այս մասին ասել է Բուդապեշտում իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է՝ Անկարան ակնկալում է, որ Ստոկհոլմը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար ահաբեկչության դեմ պայքարում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը։ Նրա խոսքով՝ Թուրքիան այս հարցում գործում է Հունգարիայի հետ համակարգված։

Հաքան Ֆիդանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ՆԱՏՕ-ի ապագա անդամների համար չափազանց կարևոր է ահաբեկչության դեմ պայքարը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ  Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիան հերթական անգամ իր պահանջներն է ներկայացրել Շվեդիային ու դաշինքի իր գործընկերներին։ Նա ասել է, որ թուրքական կողմի վերջնական որոշումը կախված կլինի Շվեդիայի հետագա քայլերից։

#Դետքի_հետագծով

Հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Էրդողանը համաձայնվեց աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտին, ինչը մեկ տարի շարունակ հրաժարվում էր անել։ Միևնույն ժամանակ Էրդողանը շարունակում է արևմտյան երկրներից առավելագույն զիջումներ կորզելու քաղաքականությունը՝ նախքան Թուրքիան կհաստատի Շվեդիայի անդամակցության հայտը։

 

 

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն