Submitted by H.Andreasyan on
Ոչ մեկս կապ չենք հաստատել, մինչև հիմա որևէ տեղեկություն չունենք. ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր

Ոչ մեկս կապ չենք հաստատել, մինչև հիմա որևէ տեղեկություն չունենք. ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր

Ոչ ես, ոչ մայրս, ոչ հարազատներից որևիցե մեկը կապ չի հաստատել հայրիկիս հետ, մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունենք, միայն այն, որ ասել են՝ Բաքվում է ու հիվանդանոցում: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասել է Վերա Խաչատրյանը՝ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը։

«Քույրերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս գտնվում են Արցախում, և այսօր հույսս դուք եք։ Խնդրում եմ ինձ միայնակ չթողնել, եղեք ինձ համար քույր, եղբայր, մայր, հայր, հորեղբայր, մորաքույր։ Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, ինձ միայնակ չթողնել այս ցավի մեջ, սա միայն իմ ցավը չէ: Վագիֆ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է:

Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում: Խնդրում եմ կանգնել կողքիս ձեր խորհրդով, ձեր ուժով, ինձ ուժ տվեք հայրիկիս հետ բերելու համար:

Հայրս հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Երևան՝ սրտի վիրահատության համար: Մոտը աորտալ ստենոզ էր, պետք էր շտապ վիրահատվեր: Ուղեկցում էր քույրս, երբ մոտեցել են արդեն Հակարիի կամրջին, պետք է անցնեին անցակետը, այնտեղ բոլորի անձնագրերը նայում են: Երբ վերցրել են հորս անձնագիրը, այլևս հետ չեն տվել, ասացին, որ պետք է գնաք սենյակ, բժիշկը պետք է հետազոտի: Այնուհետև ասել են, որ պետք է 10 րոպեով ուրիշ տեղ գնանք:

Երբ քույրս խնդրել է, որ չտանեն պապային, երբ Կարմիր խաչի աշխատակիցներից մեկը դիմադրում էր, որ պապային չտանեն, այլ իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են՝ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Այդպես հայրիկիս, նստացնելով մեքենայի մեջ, տարել են անհայտ ուղղությամբ:

Կարմիր խաչի մեքենայում այլ հիվանդներ էլ են եղել, բոլորը տեղափոխվել են, իսկ հայրիկիս փաստացի առևանգել են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29-ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Ավելացնել նոր մեկնաբանություն