Submitted by H.Andreasyan on
Ադրբեջանի ղեկավարության ներկայացրածը կեղծ է․ հայրս չի եղել Սամվել Բաբայանի վարորդը․ ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր

Ադրբեջանի ղեկավարության ներկայացրածը կեղծ է․ հայրս չի եղել Սամվել Բաբայանի վարորդը․ ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր

Ադրբեջանn այնպիսի փաստեր է ներկայացնում, որ բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, ու ես չգիտեմ՝ ոնց ապացուցել: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասել է Վերա Խաչատրյանը՝ ադրբեջանցիների կողմից առևանգված  արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը:

«Վերջերս էլ ասում էին, որ Սամվել Բաբայանի վարորդն է եղել: Դա կեղծ լուր է։ Հայրս չի եղել Սամվել Բաբայանի վարորդը:

Այն, ինչ ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարությունը, կեղծ է: Իսկ նկարները, որ համացանցում տարածվել են, որտեղ իբր երիտասարդ տարիքում հայրիկս է, դա ևս ոչ մի կապ չունի հորս հետ, դա հայրս չէ, չգիտեմ՝ ում նկարն են տեղադրում: Հիմա պետք է բոլորով օգնեք, որ հայրիկիս ողջ ու առողջ վերադարձնենք: Հայրիկս դուք եք, ձեզնից յուրաքանչյուրն է: Մենք միասնական ազգ ենք, մենք միասին հայրիկիս ենք վերադարձնելու, ես վստահ եմ: Ես խնդրում եմ ինչ-որ կերպ տեղեկություն բերել հայրիկիցս»,- ասել է դուստրը:

Նա հայտնել է, որ Կարմիր խաչից առաջին օրը զանգել ու տեղեկացրել են, որ տեսել են Վագիֆ Խաչատրյանին Բաքվի հիվանդանոցներից մեկում. «Կարծես դա լավ բան է: Իսկ ես ուզո՞ւմ եմ, որ իմ հայրը լինի Բաքվի հիվանդանոցներից մեկում: Ես իրեն հայրենիք էի բերում՝ բուժելու, այն հույսով, որ տեղ կհասնի, ողջ-առողջ հետ կգնա իր տուն: Հայրս արժանապատիվ իր 68 տարիներն ապրել է: Իսկ հիմա գնա ու դառնա ադրբեջանցու գերի՞:

Ես դիմում եմ բոլորին, նույնիսկ Ադրբեջանի դատախազությանը. ճշտեք բոլոր ձեր հրապարակած նյութերը, դա ոչ մի աղերս չունի ճշմարտության հետ: Հայրս այդպիսի հանցանքներ չի իրագործել, ինքն առհասարակ տեսակով այդպիսինը չէ»,- ասել է Վերա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Ավելացնել նոր մեկնաբանություն