detq

Հրթիռային ուժի ամրապնդումն Իրանի պաշտպանության նախարարության առաջնահերթությունն է

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության խոսնակ Ռեզա Թալայնիկը հայտարարել է, որ հրթիռային հզորության ամրապնդումը նախարարության առաջնահերթությունն է: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։ 

Ռեզա Թալայնիկն ընդգծել է, որ Իրանը ոչ մի պատերազմ չի նախաձեռնել և չի նախաձեռնի։ Նրա համոզմամբ՝ Իրանի զինված ուժերը պաշտպանական գերակա ուժ է տարածաշրջանում, թեև երկրի քաղաքականությունը տարածաշրջանում զսպիչ ուժ լինելն է։   

Անդրադառնալով երկրի ռազմածովային ուժերի՝ «Աբու Մահդի» թևավոր հրթիռով համալրվելու գործընթացին՝ նա նշել է, որ այս հրթիռը, որի հեռահարությունը գերազանցում է 1000 կիլոմետրը, կարող է ոչնչացնել ցանկացած թիրախ։ Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հրթիռը բազմապատկել է Իրանի ռազմածովային պաշտպանության ծածկույթի շառավիղը՝ ընդգրկելով Պարսից ծոցը, Օմանի ծոցը և Հնդկական օվկիանոսի որոշ հատվածը: 

«Նրանք, ովքեր մտադիր են ապակայունացնել տարածաշրջանը, պետք է փոխեն իրենց որոշումը»,- ասել է նա։

Իրանի պաշտպանական գերատեսչության խոսնակը հավելել է, որ իրանական հրթիռների հեռահարությունը համաչափ է սպառնալիքներին:

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս սեփական զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանը։ Այս համատեքստում իրանական կողմը մեծ ուշադրություն է դարձնում սեփական արտադրության սպառազինության մշակմանը և այլ երկրներից ունեցած կախվածության նվազեցմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն