Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ։
«Եվ մենք էլ մեր հերթին չենք ցանկանում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան Ադրբեջանի նկատմամբ։ Այն մարդիկ, որոնք ապրում են Ղարաբաղում, այն տարածքում, որը ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, նրանք ապրում են Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, ինչպես ցանկացած այլ ազգային փոքրամասնություն, որով Ադրբեջանն այդքան հարուստ է, թե հեռանալ: Սա նրանց ընտրությունն է։ Ոչ այն պատճառով, որ մենք ուզում ենք, որ նրանք հեռանան, և ոչ այն պատճառով, որ Հայաստանը մեզ մեղադրում է կազմակերպված էթնիկ զտումների մեջ, ոչ։ Մենք նրանց ընտրության հնարավորություն ենք տալիս։ Դե, այլապես ինչպե՞ս կարող են նրանք ապրել մեր տարածքում՝ լինելով կա՛մ Հայաստանի քաղաքացիներ՝ առանց որևէ օրինական թույլտվության, կա՛մ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որը ոչ ոք չի ճանաչում։ Այնպես որ, ես կարծում եմ, որ սա օրինական մոտեցում է, որը համահունչ է միջազգային պրակտիկային: Պրակտիկա, որը մենք տեսնում ենք եվրոպական շատ երկրներում, որոնք նույնպես պայքարում են անջատողականության դեմ»,- ասել է Բաքվի բռնապետը։
Ավելացնել նոր մեկնաբանություն