Սաուդյան Արաբիայում մեկնարկել են Ուկրաինայում կարգավորման հարցով բանակցությունները
Օգոստոսի 5-ին Սաուդյան Արաբիայում մեկնարկել են շուրջ 40 երկրների ազգային անվտանգության և քաղաքական խորհրդականների երկօրյա բանակցությունները՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ բանակցություններին մասնակցում են Ուկրաինան, նրա արևմտյան դաշնակիցները և այլ երկրներ։ Խորհրդակցությունների նպատակն է միավորել Ուկրաինայում խաղաղության տարբեր ծրագրերը, այդ թվում՝ Չինաստանից, Աֆրիկայից և Բրազիլիայից, Ուկրաինայի ներկայացրած տասը կետից բաղկացած ծրագրի հետ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Կիևը Ջիդդայում բարդ, բայց կառուցողական խորհրդակցություններ է ակնկալում: Նա հույս է հայտնել, որ հանդիպման մասնակիցները կկարողանան պայմանավորվել պատերազմի կարգավորման հիմնական սկզբունքների հարցում։
Նշվում է, որ ռուսական կողմը խորհրդակցություններին չի մասնակցում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլում կհետևեն Ջիդդայում ընթացող բանակցություններին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ասել է, որ Սաուդյան Արաբիայում ընթացող խորհրդակցությունները Մոսկվայում դիտարկում են որպես հակառուսական կոալիցիա ստեղծելու փորձ:
Ավելացնել նոր մեկնաբանություն