ՀՀ-ն Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից. Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ի Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակում: ՀՀ-ն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել. «2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի Լեռնային Ղարաբաղ, այսինքն՝ ԼՂ-ում գործող խանութները, դեղատները 2022 թվականի դեկտեմբերից իրենց վաճառքի տեսականու արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել: 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է նաև դեպի Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների, այդ թվում՝ մանկական սննդի և դեղորայքի մատակարարումները, այդ թվում՝ Կարմիր խաչի միջոցով: Հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության ՀՀ կառավարական հանձնաժողովը դեռևս սույն թվականի հուլիսի 26-ին դեպի Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում էր կայացրել, և դեպի ԼՂ ուղևորված 19 բեռնատար ավտոմեքենաները շարունակում են կանգնած մնալ Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտ: Հետագայում հումանիտար շարասյանը միացել է ևս 2 բեռնատար, որոնք ևս ԼՂ մուտք գործելու հնարավորություն չունեն։
Եթե մի պահ Ադրբեջանի այս գործելակերպը՝ հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելափակելու, չդիտարկենք ԼՂ հայության ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի բացահայտ քաղաքականության համատեքստում, ապա չկա բացատրություն, եթե այս հանգամանքը մի կողմ դնենք»:
Փաշինյանի դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների մուտքի արգելքն առավել հավաստի են դարձնում ԼՂ հայերին ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները:
«Միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դիտանկյունից: Կարծում եմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը ծավալվել է այն աստիճանի, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ, մանավանդ որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Արդարադատության միջազգային դատարանի ս․թ․ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժն ապահովելու մասին»,- նշել է Փաշինյանը:
Նա հավելել է․ «Միջազգային ամենաբարձր ատյանները վերջին շրջանի իրենց հայտարարություններով ամրագրեցին, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին Ադրբեջանի տված մեկնաբանությունները որևէ կապ չունեն իրականության հետ, և որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը»:
Ավելացնել նոր մեկնաբանություն