Submitted by H.Andreasyan on
Ադրբեջանի ապատեղեկատվական արշավի նպատակը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու քայլերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ապատեղեկատվական արշավի նպատակը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու քայլերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է. ՀՀ ԱԳՆ

Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող  տեղեկությունների տարածումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Նման ամենաթարմ օրինակը ՀՀ զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով զորքերի և ռազմամթերքի կուտակման մասին ապատեղեկատվությունն է: Այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանումիրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության մասին:

Ի հեճուկս Հայաստանի Հանրապետության կողմից բազմիցս իրականացված հերքումների՝ Ադրբեջանը շարունակում է տարածել Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակի ներկայության մասին պնդումը, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ այս հարցի պարզաբանման համար Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու Հայաստանի Հանրապետության առաջարկությունը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի շարունակվող պնդումների պայմաններում նմանառաքելությունն ակնհայտորեն ավելի հրատապ է դառնում:

Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի կողմից կազմակերպվող ապատեղեկատվական արշավի նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղում օր օրի ահագնացող հումանիտար ճգնաժամից և հումանիտար աղետի հրահրման միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու իր քայլերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամն Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման ուղիղ ապացույց է: Վերջին տարիներին Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները, մասնավորապես դրա 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերը:

Ինչպես արդեն իսկ արձանագրվել է նաև միջազգային գործընկերների կողմից, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ Ադրբեջանը խախտում է նաև Արդարադատությանմիջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ:

Ադրբեջանը շարունակում է խախտել նաև բանակցությունների ընթացքում ձեռք բերված բազմաթիվ պայմանավորվածություններ: Այդ թվում, ի հեճուկս 2023 թվականի մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածության, մինչև օրս Ադրբեջանը հստակ հայտարարություն չի արել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, հրաժարվում է կյանքի կոչել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Պաշտոնական Բաքուն նաև բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է միջազգային մեխանիզմի շրջանակում Ստեփանակերտի հետ երկխոսությունը:

Շուրջ 8 ամիս Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու պայմաններում Ադրբեջանը 3 շաբաթ արգելափակել է նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ  սպասող շուրջ 400 տոննա հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: Վերահաստատումենք, որ ի հեճուկս բոլոր բարդությունների, երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կա, և Ադրբեջանին կոչ ենք անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված բոլոր քայլերից: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերահաստատումէ խաղաղության օրակարգին և բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին ՀՀ կառավարության հավատարմությունը և միջազգային հանրության բոլոր դերակատարներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ, կոչ է անում գործի դնել իրենց տրամադրության տակ առկա ողջ գործիքակազմը՝ ադրբեջանական կողմին կառուցողական դաշտ բերելու նպատակով»,- ասված է հայտարարությունում:

Ավելացնել նոր մեկնաբանություն