DETQ

Զախարովան հայտնել է՝ Ուկրաինայի դիվերսիաներն անպատասխան չեն մնա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի դիվերսիաներն անպատասխան չեն մնա, նման բարբարոսական գործողություններն արդարացում չեն կարող ունենալ։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Զախարովան ասել է՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի և թերակղզու վրա հարձակվելու փորձերը։

«Նման դիվերսիաները միջազգային հանրությանը հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ համոզվելու Կիևի վարչակարգի իրական էության մեջ: Նման բարբարոսական գործողություններն արդարացված չեն, և դրանք անպատասխան չեն մնա»,- ասել է Զախարովան ՌԴ ԱԳՆ-ի անունից հրապարակված պարզաբանման մեջ։

Խոսնակը շեշտել է, որ Մոսկվան խստորեն դատապարտում է այդ ահաբեկչությունները։ Նրա խոսքով՝ Ղրիմի կամուրջը միայն քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ է, որի վրա հարձակումներն անընդունելի են։ «Այն նման հարձակումների է ենթարկվել անցյալ տարվա աշնանից․ դրանք, ի թիվս այլ հետևանքների, հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան»,- ասել է Զախարովան: 

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հետ են մղվել Կիևի` 20 անօդաչու թռչող սարքով ու երկու «S-200» հրթիռով հարձակումները Ղրիմի կամրջի վրա։ Անօդաչուները խոցվել կամ ճնշվել են էլեկտրոնային պատերազմի համակարգի միջոցով, հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են երկու հրթիռը, կամուրջը չի վնասվել։

#Դետքի_հետագծով

Ուկրաինան վերջին ամիսներին հարձակումներ է իրագործում Ղրիմի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքների նկատմամբ, ինչն առաջացնում է Մոսկվայի կոշտ հակազդեցությունը։ Ի պատասխան Ռուսաստանն ուժեղացրել է ուկրաինական տարածքների նկատմամբ իրականացվող հրթիռակոծությունները, որոնք վերջին շրջանում կենտրոնացել են հատկապես Օդեսայի ուղղությամբ։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն