
Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ ծրագրեր են մշակվում ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու ուղղությամբ. Փաշինյան
Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին՝ Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ այս պահին էլ Հայաստանում են գտնվում Արցախի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. «Նրանցից շուրջ 5 հազարը նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով: Այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայության էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հայության հեռացնելն է՝ լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»:
Փաշինյանը նշել է, որ իրենց ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակում է տորպեդահարել Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա։
«ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմների շրջանակում: Էական է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլև հարակից շրջաններ: Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, մի շարք գյուղերի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերն արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պիտի ունենան»,- ասել է վարչապետը:
Ավելացնել նոր մեկնաբանություն