
Ստեփանակերտում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել. քաղաքական ուժերն ընդլայնված կազմով հրատապ խորհրդակցություն են հրավիրել
Օգոստոսի 28-ին ադրբեջանական ապօրինի անցակետում Արցախի Հանրապետության քաղաքացիների առևանգումից հետո Ստեփանակերտում տեղի է ունեցել բազմամարդ ինքնաբուխ հանրահավաք, որի պահանջով քաղաքական ուժերն Ազգային ժողովում հրատապ ընդլայնված խորհրդակցություն են անցկացրել։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ`խորհրդակցությանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։
Շուրջ 5 ժամ տևած խորհրդակցությունից հետո՝ կեսգիշերն անց, ԱԺ շենքի առջև հավաքված ժողովրդին մտահոգող հարցերին պատասխանելու է դուրս եկել նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախ փոխանցել է, որ լավ լուր ունի ապօրինի անցակետից առևանգված տղաների ճակատագրի մասին, ինչի մասին կհայտնի նրանց ծնողներին։ Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման հարցը։
«Մենք մենակ ենք։ Մենք ընկերներ և աջակցություն չունենք։ Բոլոր հարցերը ձեզ հետ միասին կլուծենք»,- փաստել է Արայիկ Հարությունյանը։ Անդրադառնալով հացի սղության խնդրին՝ հանրապետության նախագահը նշել է, որ այն շուտով կկարգավորվի։ Այդուհանդերձ հավաքվածները վանկարկել են, որ իրենց պայքարը հացի խնդիր չէ, այլ հայրենի հողում իրենց ապրելու և ապագան կառուցելու։
Ինչ վերաբերում է որոշ անձանց պահանջներին Լաչինի միջանցքը բացելու և հեռանալու վերաբերյալ, նախագահի խոսքով, հանրային լայն պահանջի դեպքում ցանկացողներին միջանցք կտան։
Ավելացնել նոր մեկնաբանություն