
Իրավիճակն էականորեն սրվել է, Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում սահմանին. Փաշինյան
Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է: Այս մասին ՀՀ կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լառնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:
«Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը: Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է: Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը․ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին»,- ասաց վարչապետը:
Նա ընդգծեց` ակնհայտ է, որ Ադրբեջանը այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Ապա հավելեց, որ նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ և իրականությանը չհամապատասխանող թեզեր:
«Իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն Հարավային Կովկասում նոր պայթյունը կանխելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն