
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Երեկ հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Իրանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրությունից:
Ի շարունակություն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև օրեր առաջ կայացած հեռախոսազրույցի՝ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր։
Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների, Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը: Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Երկուստեք վերահաստատվել է երկխոսությունը տարբեր հարթակներում և ձևաչափերով շարունակելու պատրաստակամությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն