
Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվել է հաստատված պայմանավորվածություններից. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»
Այսօր կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվել է հաստատված պայմանավորվածություններից և ի պատասխան Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Ռուսաստանից ռուսական Կարմիր խաչի հումանիտար բեռի տեղափոխման հարցով Արցախի իշխանությունների համաձայնության՝ չի թույլատրել Բերձորի միջանցքով ՀՀ տարածքից հումանիտար բեռների տեղափոխումը: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը։
«Ադրբեջանի իշխանությունների այս պահվածքը ոչ այլ ինչ է, քան հիմնախնդրի լուծման միջազգային դերակատարների բոլոր ջանքերի լիակատար արհամարհում։
Առնվազն տարակուսելի է, որ Ռուսաստանը՝ որպես պայմանավորվածությունների կողմ և 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կատարման երաշխավոր, հանդուրժում է հերթական սադրանքն Ադրբեջանի կողմից։
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն առաջին անգամ չէ, որ հայտարարում է ադրբեջանական կողմի՝ պայմանագրային պարտավորությունները պահպանելու կասկածելի ունակությունների մասին և Արցախի իշխանություններին հորդորում է պնդել միջազգային երաշխիքների ու պատժի անհրաժեշտությունը՝ իրականացնելու հնարավոր որոշումները, որոնց հնարավոր կլինի հասնել ադրբեջանական կողմի հետ երբևէ։
Այս դժվարին ժամին մեր հայրենակիցներին կոչ ենք անում համախմբվել և անել հնարավորը՝ հանուն Արցախի փրկության:
Տոտալ շրջափակման, խոր հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի կողմից գոյաբանական սպառնալիքների պայմաններում Արցախը հայկական պահելու ամենակարևոր երաշխիքը եղել և մնում է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու և այն ամեն գնով պաշտպանելու անկոտրում կամքը»,- նշված է հայտարարության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն