11

Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ:

Սիմոնյանի խոսքով՝ միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել` սրելով իրավիճակը տարածաշրջանում:

«Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները: Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ քաղաքացիական անձանց` ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Ավելին՝ դատարանի որոշումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքից առևանգել է 2 հայ զինծառայողի, ինչի հետևանքով հաստատված ռազմագերիների ընդհանուր թիվը հասել է 35-ի:

Հարգելի՛ գործընկերներ, ես չզարմացա, որ մեր թուրք գործընկերը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ուժի կիրառմանը:

Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը: Ինձ զարմացնում է այն, որ նրանք դա անում են այստեղ` Մարդու իրավունքների պաշտպանության համար հիմնադրված կազմակերպությունում:

Գործընկերնե՛ր, Ադրբեջանը Հայաստանին մշտապես տարբեր ձևերով հարձակումների է ենթարկել: Իր իսկ խոսքերով` նախագահ Ալիևը մտորում էր, թե քանի ազդակ էր Հայաստանին պետք գործի էությունը հասկանալու համար: «2021 և 2022 թվականների սահմանային գործողությունները բավարար չեն եղել»,- մտածում էր նա: Նա նաև նշել է, որ Հայաստանը կարծես թե չի հասկացել մոտ 10 ամիս առաջ Լաչինի միջանցքի` իր կողմից էթնիկ զտումների արշավի առաջին փուլի փակումը: Սեպտեմբերի 19-ին սկսվեց հաջորդ մասը:

Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը` Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել և սպանվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ: Նրանք մնում են դրսում` առանց սննդի, բժշկական օգնության և գոյատևման այլ միջոցների: Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից:

Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Իր գործողություններով, որոնք ի չիք են դարձնում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը: Եվրոպայի խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների պաշտպանությանն առավել բարդ հակամարտություններում:

Եվրոպայի խորհրդի աշխարհագրական ընդգրկման սահմաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար և հարատև խաղաղության հասնելուն:

Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի: Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից համաձայնեցված ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձևակերպված խաղաղության մոտեցմանը:

Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում` Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին: Այսօր որոշ երկրներ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ:

Նպատակները երկակի են` տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը և վարկաբեկել «ներկայացուցչական ժողովրդավարություն» հասկացությունը: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը և խաղաղ համակեցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության և ներդաշնակության մեջ: Դա արդարացի է ոչ միայն ժողովրդավարական պետությունների շրջանակներում առանձին-առանձին, այլև նրանց միջև` հավաքականորեն: Միասին, և գուցե միայն միասին, մենք կարող ենք հաղթահարել մեր ժամանակի դժվարությունները: Կենտրոնը պետք է կանգուն մնա»,- ասել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն