Եմենում անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է «Ալ-Քաիդայի» երեք գրոհային
«Ալ-Քաիդայի» երեք ենթադրյալ զինյալ սպանվել է երկուշաբթի Եմենի հյուսիս-արևելքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարձակման հետևանքով, հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Պաշտոնյաները տեղեկացրել են, որ հարձակումն իրականացվել է մեքենայի վրա Մարիբ նահանգում, որը 2021 թվականին ծանր մարտերի վայր է եղել Եմենի երկարատև քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Ալ-Քաիդայի» երեք անդամ սպանվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, որը, ենթադրաբար, ամերիկյան է»,- AFP-ին հայտնել է կառավարության պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:
«Երեք կասկածյալները եղել են մեքենայի մեջ Վադի Օբեյդայում, երբ թիրախավորվել են ԱՄՆ-ի ենթադրյալ հարվածից, որն անմիջապես սպանել է նրանց»,- Մարիբի կառավարության երկրորդ պաշտոնյան հաստատել է «Ալ-Քաիդայի» գրոհայիններին հասցված հարվածը և զոհերի թիվը:
Վաշինգտոնից անհապաղ մեկնաբանություն չի եղել: Միացյալ Նահանգներն «Ալ-Քաիդայի» Եմենի մասնաճյուղը՝ «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում», (AQAP) համարում է գլոբալ ջիհադական ցանցի ամենավտանգավոր ճյուղերից մեկը: AQAP-ը և ԴԱԻՇ-ին հավատարիմ այլ զինյալները հատկապես տարածվել և ամրապնդվել են Եմենի քաղաքացիական պատերազմի քաոսի շրջանում: AQAP-ը գործողություններ է կատարել ինչպես հութիների, այնպես էլ կառավարական ուժերի դեմ, արտասահմանում ևս իրականացրել է տարատեսակ հարձակումներ: Նրա առաջնորդներն ավելի քան երկու տասնամյակ գտնվում են ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի թիրախում, թեև վերջին տարիներին հարվածների թիվը նվազել է:
Եմենում հակամարտությունն այդ ժամանակից ի վեր տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել և առաջացրել, ըստ ՄԱԿ-ի գնահատականի, աշխարհի ամենավատ մարդասիրական ճգնաժամը՝ պատճառ դառնալով միլիոնավոր մարդկանց տեղահանման:
Ավելացնել նոր մեկնաբանություն