Հաագան քննել է Ադրբեջանի հայցն ընդդեմ ՀՀ-ի
«Հայաստանն իր ինքնիշխան տարածքում ականներ տեղադրել է պաշտպանական նպատակներով»,- Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է ադրբեջանական պնդումներին՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել էր Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Ադրբեջանի դիմումը՝ Հայաստանի կողմից իբր ականներ տեղադրելու վերաբերյալ:
«Հայաստանն իր ինքնիշխան տարածքում ականներ տեղադրել է զուտ պաշտպանական նպատակներով: Հայաստանը դա արել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիայի գործողությունները, այդ թվում՝ վերջին անգամ 2022-ի սեպտեմբերին կատարված գործողությունները: Հայերից պահանջվող զիջումների առումով Ադրբեջանի ախորժակն օրեցօր ավելանում է: Եվ վերջինս ամեն հնարավորություն օգտագործել է՝ ուժի գործադրմամբ հայկական նոր հողեր բռնազավթելու նպատակով»,- նշել է Եղիշե Կիրակոսյանը:
Ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, թիրախավորել խաղաղ բնակիչներին, ոտնձգություններ կատարել հայերով բնակեցված հողերի նկատմամբ և այդ հողերի էթնիկ զտումներ իրականացնել: Ըստ Կիրակոսյանի՝ դա պետություն է, որը փորձում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման շարունակվող քայլերն արդարացնել՝ մեղադրելով խաղաղապահներին զուտ իրենց աշխատանքը կատարելու մեջ։
«Հայաստանն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղադրում, հատկապես քաղաքացիական տարածքներում, և չի փորձում ռասայի հիմքով թիրախավորել Ադրբեջանի քաղաքացիներին։ Դա աներևակայելի է, նման փորձեր չեն եղել: Ադրբեջանն այդ մեղադրանքների մասին բազմիցս է խոսել, դրանք բազմիցս հերքվել են: Իրականությունն այն է, որ Ադրբեջանն ականներ հավաքել է Հայաստանի ինքնիշխան տարածքից, որոնք Ադրբեջանի զինված ուժերն են զբաղեցրել 2021-2022 թվականներին, ուստի Ադրբեջանը ձգտում է իր անօրինական ագրեսիայի գործողություններից հետո հավաքած ականներով կեղծ ապացուցողական բազա ձևավորել՝ հիմնավորելու իր միջնորդությունը: Վերջինս ոչ միայն ցինիզմի դրսևորում է, այլև զուրկ է հիմքերից: Հուսով եմ՝ դատարանն Ադրբեջանին թույլ չի տա վարույթը չարաշահել՝ փորձելով իր իսկ կատարած անօրինական գործողությունների հետևանքներից օգտվել»,- նշել է նա:
Հայաստանի իրավախորհրդատու Շոն Մըրֆին մեջբերել է Հայաստանի պաշտպանության ու ԱԳ նախարարների հայտարարությունները հայցի ներկայացումից շատ առաջ, համաձայն որոնց` Ադրբեջանի ներկայացրած ականները հայտնաբերվել են 2021-ին Ադրբեջանի կողմից զավթված` Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ հետագայում քարոզչական նպատակներով օգտագործելու համար:
Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Շոն Մըրֆին նշել է, որ Ադրբեջանի ներկայացրած լուսանկարներում ականները երևում են խոշոր պլանով և կոկիկ դասավորված։ Ընդամենը երեք լուսանկար կա, որում երևում է, թե ինչպես են իբր ականապատ դաշտ մաքրում, ընդ որում` տեղանքը մատնանշված չէ, ավելին՝ չկա մարտական ինժեներների որևէ հայտարարություն, թե ինչպես են ականները տեղափոխվել` առանց պայթելու, կամ որտեղից է ենթադրյալ ինժեներն այն գտել ու տեղափոխել: Բացատրված չէ նաև, թե ինչ նպատակով է դա արվել։
«ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանից Ադրբեջանի պահանջը հերթական ակնհայտ փորձն է՝ շեղել ուշադրությունն իր չարագործություններից: Մենք տեսել ենք այս հայելային արտացոլման մարտավարությունը դատարանի այլ վարույթներում»,- ադրբեջանական կողմին հակադարձել է Հայաստանի ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ միջանկյալ միջոցների կիրառման մասին Ադրբեջանի միջնորդությունը որևէ իմաստային տարբերություն չունի նախորդից, որը Հաագայի դատարանը մերժեց մոտ մեկ տարի առաջ: Այս նոր միջնորդությունն Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանի դիմումից ընդամենը վեց օր անց, չնայած ենթադրյալ ապացույցներն արդեն ամիսներ շարունակ այդ երկրի տիրապետության տակ էին․ «Այն բանից հետո, երբ Հայաստանը ծանուցում ուղարկեց վեճի մասին Ադրբեջանին դեռ կոնվենցիայի շրջանակում բանակցությունների պահանջով, Ադրբեջանը Հայաստանին ուղարկեց ծանուցում՝ նույնպես պահանջելով բանակցություններ: Հայաստանն ուղարկեց իր դիմումը և միջանկյալ միջոցի կիրառման առաջին միջնորդությունը 2021-ի սեպտեմբերին, Ադրբեջանը ևս ներկայացրեց դիմում միջանկյալ միջոցի կիրառման մասին: Երբ Հայաստանը մտահոգություններ ներկայացրեց, որ Ադրբեջանը չի կատարում միջանկյալ միջոցի կիրառման մասին դատարանի որոշումները, Ադրբեջանն իր ենթադրյալ մտահոգություններն ուղարկեց: Նույն միտումն այսօր կարելի է տեսնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այսօր, երբ Հայաստանը ներկայացրել է միջանկյալ միջոցներ կիրառելու դիմում շարունակվող մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ, Ադրբեջանը կրկին փորձում է համարժեքության կեղծ տպավորություն առաջացնել»:
Ադրբեջանի հայցի վերաբերյալ երկու կողմերին լսելուց հետո դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կկայացվի հնարավորինս սեղմ ժամկետում:
Ավելացնել նոր մեկնաբանություն