
Անկլավների հետ կապված հարցերը կլուծվեն դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակում․ Սանոսյան
Ինչքան այդ հարցը բարդ է թվում, այնքան էլ պարզ է այն պատճառով, որ կան քարտեզներ և դրանց համար իրավական հիմքեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի տարածքում, մասնավորապես Տավուշի մարզում, Ադրբեջանը ութ անկլավ ունի՞ (ինչպես պնդում է Բաքվի բռնապետը)։
«Ամեն քարտեզ չէ, որ քարտեզ է, որովհետև դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար քարտեզն իր իրավական հիմքերով այլ բան է։ Որևէ տարածք կամ անկլավ կամ այլ կոչվող տարածք նույնպես պետք է որոշակի իրավական հիմք ունենա։
Երբ ենթադրյալ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո պետք է տեղի ունենա դեմարկացիա և դելիմիտացիա երևույթ (սահմանագծում և սահմանազատում - խմբ․), որի արդյունքում սահմանները կհստակեցվեն բոլոր առումներով։ Ոչ թե պետք է բառերին նայել, այլ իրավական փաստաթղթերին։ Խոսելով անկլավների մասին՝ երբեք մի մոռացեք մեր Արծվաշենի մասին, որն իր չափերով մեծ է ու իրավական կարգավորումներով հիմնավորված է։ Երբ դեմարկացիա և դելիմիտացիա լինեն, անկլավների հետ կապված բոլոր հարցերն այդ շրջանակում կլուծվեն»,- ասել է Սանոսյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն