DETQ

Իրանը չի բացառում, որ կարող է Գազայում ընթացող պատերազմի մեջ մտնել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չի բացառել, որ Թեհրանը կարող է ներգրավվել Իսրայելի և Գազայի միջև ընթացող պատերազմին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ առաջիկայում դիմադրության ճակատից հնարավոր են կանխարգելիչ միջոցառումներ: Նա հիշեցրել է դիմադրության առաջնորդների հետ իր հանդիպումների մասին, այդ թվում՝ լիբանանյան «Հիզբոլլահի» գլխավոր քարտուղար Սայեդ Հասան Նասրալլայի հետ։

««Հիզբոլլահի» համար կան բոլոր հնարավոր տարբերակներն ու սցենարները։ Նրանց հաշվարկներում ամեն ինչ ճիշտ է հաշվի առնվել, և դիմադրության առաջնորդները թույլ չեն տա սիոնիստական ​​ռեժիմին (Իսրայել - խմբ.) որևէ քայլ ձեռնարկել տարածաշրջանում։ Առաջիկա ժամերին հնարավոր է ցանկացած նախաձեռնողական քայլ»,- ասել է նա։

Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է՝ դիմադրության բոլոր առաջնորդներն այն կարծիքին են, որ իրենք քաղաքական լուծման հնարավորություն կտան, սակայն «ցանկացած գործողություն հնարավոր է», եթե Իսրայելը շարունակի իր ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ։ Նա վստահեցրել է, որ դիմադրության ճակատն ի վիճակի է երկարատև պատերազմներ վարելու, իսկ շարունակվող հակամարտության ընդլայնումը կփոխի Իսրայելի քարտեզը։

Աբդոլլահիանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իսլամական երկրների գործընկերների հետ զրույցների ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ եթե ՄԱԿ-ի սահմանափակ հնարավորությունները չօգտագործվեն, ռեժիմի դեմ նոր ճակատներ բացելու սցենարն անխուսափելի է։ Նա հավելել է, որ Իրանը չի աջակցում հակամարտության ընդլայնմանը, սակայն հնարավոր է, որ երկիրը մտնի պատերազմի մեջ, քանի որ ոչ մի կողմ չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակի նկատմամբ։ 

#Դետքի_հետագծով

Չնայած նման հայտարարություններին՝ կարծում ենք, որ իրանական կողմը կխուսափի այս պատերազմում ուղղակիորեն ներգրավվելուց, քանի որ այն կարող է չափազանց ծանր հետևանքներ ունենալ։ Առավել հավանական է, որ Թեհրանն այս հակամարտությունում ներգրավի իր աջակցությունը վայելող մյուս զինված խմբավորումներին, որոնք կարող են փոխել զարգացումների ընթացքը։

Ավելացնել նոր մեկնաբանություն