Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին
Սաուդյան Արաբիայում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Բայրամովն ու Աբդոլլահիանը շեշտել են երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներն ուղղակի բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հեռանկարներին։ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել և կարգավորել հարաբերությունները։
Կողմերը հանդիպման ընթացում քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
#Դետքի_հետագծով
Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կտրուկ լարվեցին, երբ այս տարվա հունվարի 27-ին Թեհրանում ադրբեջանական դեսպանատան նկատմամբ զինված հարձակում իրականացվեց։
Բաքուն այս հարձակումը որակեց որպես ահաբեկչություն և տարհանեց իր դեսպանատան ողջ անձնակազմին, մինչդեռ Թեհրանը բացառում է ահաբեկչության հնարավորությունը՝ պնդելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։ Ներկայումս երկու երկրները ձգտում են լիովին հաղթահարել լարվածությունը և կարգավորել հարաբերությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն