Իրանի ԳՇ պետը պնդել է՝ Իսրայելը հերթական նվաստացուցիչ պարտությունը կկրի ցամաքային հարձակման ժամանակ
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին կարծում է, որ Գազայի հատվածի նկատմամբ ցամաքային հարձակման ժամանակ Իսրայելը հերթական նվաստացուցիչ պարտությունը կկրի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Բաղերին շեշտել է, որ դիմադրության ուժերն ավելի քան 400 կիլոմետր ստորգետնյա թունելներ են փորել Գազայի հատվածի հյուսիսում։
«Դրանցից մի քանիսով կարող են անցնել տրանսպորտային միջոցներ և մոտոցիկլներ։ Թունելները մուտք ունեն Գազայի հատված, իսկ մյուս ծայրը գտնվում է պատնեշների հետևում»,- ասել է նա։
Իրանի ԳՇ պետի համոզմամբ՝ իսրայելական վարչակարգը տանուլ է տվել ինչպես մարտի դաշտում, այնպես էլ համաշխարհային հանրային կարծիքի հարցում։ Նա նշել է, որ եթե Իսրայելը ցանկանա տրամաբանորեն գործել, պետք է շտապ համաձայնվի հրադադարին և ժամանակ շահի բանակցությունների միջոցով։
Վերջինս հավելել է, որ իսրայելական բանակը հետաձգում է ցամաքային ներխուժումը Գազայի հատված, քանի որ գիտակցում է, որ նման գործողությունը կդառնա հերթական պարտությունը։
#Դետքի_հետագծով
Իսրայելի իշխանությունները պարբերաբար հայտնում են Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնելու մասին, սակայն տարբեր պատճառներով դա դեռևս չեն անում։ Իսրայելը գիտակցում է, որ ՀԱՄԱՍ-ը վայելում է իսլամադավան երկրների զգալի մասի աջակցությունը, իսկ ցամաքային գործողությունը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել իր համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն