detq

Ինչպես ազատագրվեց և հանձնվեց Շուշին. քաղաքի նշանակությունն Արցախյան պատերազմում

1992 թվականի մայիսի 9-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերին հաջողվեց ազատագրել հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին, որը վճռորոշ նշանակություն ունեցավ պատերազմի ելքի համար։ Հայկական մշակույթի կենտրոններից մեկը համարվող քաղաքն Ադրբեջանը վերածել էր ռազմական հենադաշտի, իսկ քաղաքի եկեղեցիները՝ զինամթերքի պահեստների:

Շուշիից և ադրբեջանական այլ կրակակետերից մշտական հրետակոծությունները հանգեցնում էին բազմաթիվ զոհերի հայ խաղաղ բնակչության շրջանում: Հատկապես ծանր պայմաններում էր հայտնվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, որտեղ մինչ այդ բնակվում էր մինչև 70 հազար մարդ: Ինտենսիվ գնդակոծության արդյունքում ոչնչացվել էին բնակչության կենսագործունեության օբյեկտները:

Շրջափակման մեջ գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք բազմաթիվ ամիսներ շարունակ պաշարման մեջ էին գտնվում, ամսական տրվում էր ընդամենը մինչև 400 գրամ ալյուր: 1991-1992 թթ. խստաշունչ ձմռանը Ստեփանակերտի բնակիչները ստիպված էին թաքնվել նկուղներում՝ առանց էլեկտրականության, ջրի, ջեռուցման և նվազագույն կենսապայմանների։ Նորածինների և տարեցների շրջանում գրանցվել են ցրտահարության և հիպոթերմիայից ու սովից մահվան բազմաթիվ դեպքեր։

Շուշիի ազատագրումը ոչ միայն կարևոր հոգեբանական նշանակություն է ունեցել, այլ նաև ռազմական և ռազմավարական, քանի որ թույլ է տվել դադարեցնել Ստեփանակերտի մշտական հրետակոծությունները, կանխել վերահաս մարդասիրական աղետը և Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից: Շուշիի ազատագրմանը հաջորդել է Բերձորի շրջանի ազատագրումը, որի արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող «կյանքի ճանապարհը», որը փակ էր ավելի քան 3 տարի:

Շուշիի ազատագրումը դարձել էր դարակազմիկ իրադարձություն, որը հպարտության զգացում էր առաջացնում ողջ հայ ժողովրդի մեջ։ Բերդաքաղաքի ազատագրումը միևնույն ժամանակ նախադրյալներ էր ստեղծել Արցախի պատմական մայրաքաղաքի հարուստ մշակութային ժառանգության վերածննդի գործընթացը սկսելու համար, որը ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն ոչնչացրել են 1920 թվականից ի վեր` փորձելով մեկընդմիշտ ջնջել քաղաքի հայկական ծագման հետքերը։

Ցավոք, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշի քաղաքն ամբողջովին անցավ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։  Պաշտոնական քարոզչությունը նոյեմբերի 4-ին շատ հպանցիկ՝ ժլատ բառերով տեղեկացնում էր, թե Շուշիի ուղղությամբ դիվերսիոն մի խումբ է նկատվել, ադրբեջանցիներից միայն «մնացորդներ» են փրկվել, նրանց տեղն էլ լավ գիտեն: Մարդկանց հանգստացնում էին՝ ամենածանր օրերն անցյալում են: Իսկ Շուշին, ըստ ականատեսների, արդեն հարձակման տակ էր: Նույն օրը փակվել էր նաև Շուշի-Բերձոր ավտոճանապարհը, որը հիմանավորվում էր ճանապարհի հարակից հատվածում ադրբեջանցի դիվերսանտների դեմ իրականացվող գործողություններով, սակայն դա փաստում էր, որ քաղաքում տիրող իրավիճակը հայկական կողմի օգտին չէ։

Ադրբեջանցիները Շուշիի մատույցներ են հասել այդ օրը լուսաբացին, մարտերը քաղաքի մուտքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կառուցված էլեկտրացանցի մոտ էին։ Մի քանի ժամ տևած պաշտպանության ընթացքում զոհվել է նաև քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի եղբայրը: Բերդաքաղաքի վերջին քաղաքապետի խոսքով՝ դիրքը հնարավոր չի եղել պահել, հենց այդտեղով էլ ադրբեջանցիները պիկապներով հասել են քիչ հեռու գտնվող Իսայի աղբյուր կոչվող տեղանք, ժամեր հետո մտել Շուշի՝ նախ թիկունքից:

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, պատերազմի օրերին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը նշել է, որ ադրբեջանցիների մուտքը Շուշի կայծակնային էր, վերջիններս եկել են երկու ուղղությունով` նույն ճանապարհներով, ինչպես 28 տարի առաջ հայկական զորքերը: Նրա խոսքով՝ տարբերությունն այն է, որ 1992-ին հայկական ուժերը Շոշից էին Շուշի հասել, ադրբեջանցիները՝ 2020-ին Հադրութից, անառիկ բերդաքաղաքը գրավվել է ընդամենը 500-հոգանոց ադրբեջանցի ու թուրք հատուկ ջոկատայիններով ու ավտոմատներով` առանց հրետանու։

Ականատեսների պնդմամբ՝ նոյեմբերի 5-ը եղել է վերջին օրը, երբ Շուշին հայկական էր, չնայած քաղաքում իրավիճակը վատթարանում էր արդեն ժամ առ ժամ։ Հաջորդող օրերին՝ նոյեմբերի 6-ից 8-ը, հայկական կողմը մի քանի անգամ փորձել է վերադարձնել քաղաքի վերահսկողությունը, սակայն այդ նախաձեռնությունները չեն հաջողվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին իր բնակչությանը շնորհավորեց Շուշիի գրավման կապակցությամբ։ Չնայած նոյեմբերի 8-ին հայկական կողմը չէր ընդունել, որ քաղաքն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, այնուամենայնիվ այդ օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացրել է իր կյանքի ամենածանր լուսաբացը՝ հայտնելով Շուշիի անկման կամ հանձնման մասին։

Հատկանշական է, որ չնայած Շուշիի փաստացի գրավմանը՝ Հայաստանում մինչև վերջին պահը հասարակությանը համոզում էին, որ քաղաքի անկման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նոյեմբերի 6-ին, երբ ադրբեջանցիները վերահսկում էին քաղաքի առնվազն մի մասը, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էր, որ նույն օրը բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա և Շուշիի մերձակայքում։ «Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր: Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է»,- հայ հանրությանը վստահեցնում էր Հովհաննիսյանը։

Ցավոք սրտի, նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պարզ դարձավ, որ Շուշի քաղաքը, ինչպես նաև մյուս բոլոր բնակավայրերը, որոնց գրավման մասին Ալիևը հայտարարել էր, գտնվում էին Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ հայկական կողմը համաձայնվել էր ծանր պայմաններով հրադադարի հաստատմանը։ Արցախում հաստատված հրադադարը պահպանվեց երեք տարի, իսկ այս տարվա սեպտեմբերի 19-ին իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ամբողջությամբ հայաթափվեց և անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Միևնույն ժամանակ Շուշի քաղաքը կարևոր ռազմավարական և ռազմական նշանակություն է ունեցել Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ։ Այն իր բարձրադիր և անառիկ տեղանքի շնորհիվ գերակայություն է ապահովել հարակից բնակավայրերի նկատմամբ, ինչի համար էլ հարյուրամյակներ շարունակ ձեռքից ձեռք է անցել, և բոլորը ցանկացել են գրավել այն։ Մի շարք ռազմական փորձագետների համոզմամբ՝ ով տիրում է Շուշիին, տիրում է ողջ Արցախին, և այս իրողությունն ապացուցվել է առնվազն Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմների ժամանակ, երբ Շուշիի նկատմամբ վերահսկողությունը հաղթանակ է ապահովել մի դեպքում Հայաստանի, իսկ մյուս դեպքում, ցավոք սրտի, Ադրբեջանի համար։

#Դետքի_հետագծով

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել