Ինչո՞ւ չի ստորագրվում «Խաղաղության պայմանագիրը». պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում պարզաբանեց, թե ինչու Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրում, երբ խաղաղության սկզբունքները համաձայնեցված են։
«Մեծ հաշվով, պատճառը անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, երևի՝ Ադրբեջանը՝ մեր հայտարարությունների, գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում «Խաղաղության պայմանագրի» տեքստային աշխատանքի վրա:
Մինչդեռ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը «Խաղաղության պայմանագրի» բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է։ Ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար պետք է շատ հստակ մեխանիզմ ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպես ենք դա հաղթահարելու, մյուսը՝ անվտանգության երաշխիքների ստեղծումը, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ ինքը և կառավարությունը մտադիր են ակտիվացնել այս հարցերի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական ու քաղաքական աշխատանքը, իսկ ընթացքի մասին կզեկուցվի հանրությանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն