Հրաձգությունը պայքար է ինքդ քեզ հետ. Էլմիրա Կարապետյան․ «Արմենպրես»
Սպորտային կյանքի դժվարությունները, բարդություններն են, որ բացահայտում են մարզիկների իսկական էությունը: Այն, ինչը մեզ համար պարզապես երազանքի ճանապարհն է, իրականում մարզիկների կամքի բացահայտման ուղին է, որով նրանք ձգտում են մնալ պատմության սպորտային էջերում:
Հայկական հրաձգության մեծ ներուժ ունեցող մարզիկներից մեկը Էլմիրա Կարապետյանն է, ով այս տարի դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Եվրոպայի առաջնության բրոնզե, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր: Փարիզի Օլիմպիական խաղերի Հայաստանի օլիմպիական թիմի առաջին անդամը մեդալի հիմնական հավակնորդներից է 33-րդ խաղերում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը պատմեց նախորդ բացառիկ նվաճումների, հաջողության իր բանաձևի և մինչև Փարիզ սպասվող իրադարձությունների մասին:
-Վերջին շրջանում Դուք այն բացառիկ մարզիկներից եք, ով շարունակաբար կայուն արդյունք է ցույց տալիս: Արդյոք եղե՞լ է մեկ բեկումնային պահ, որն, ըստ Ձեզ, հստակեցրեց Ձեզ համար, որ, այո, հրաձգությունն է նպատակներն իրագործելու միջոցը:
-Ի սկզբանե, շատերն էին կարծում, որ իմ՝ հրաձգությամբ զբաղվելը լուրջ չէ, քանի որ ստանդարտներին համապատասխան մարզումներ չեմ անցկացնում: Ունեմ իմ ուրույն ոճը:
-Իսկ ո՞րն է դա:
- Ունեմ իմ դիսցիպլինան, բայց ինքս եմ որոշում, ինչը երբ անել: Դժվար է ինձ մտցնել այդ շրջանակների մեջ և ասել՝ մարզվի՛ր այսպես: Երբ նոր-նոր էի սկսում, ասում էին, որ մարզումների համար ճիշտն այս կամ այն ոճն է, ես հակառակվում էի՝ պնդելով, որ պետք է փորձեմ բոլոր տարբերակները: Գուցե, տարօրինակ հնչի, բայց 19 տարեկանից եմ սկսել զբաղվել հրաձգությամբ:
-Տարօրինակ ու հակաօրինաչափ է այս ամենը: Դիսցիպլինան որոշում եք դուք, մարզվում եք 19 տարեկանից: Այդ դեպքում, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
-Կատաստրոֆիկ նպատակասլացությունը: Ու ինձ հետաքրքիր է այն, ինչը գնել չես կարող: Կարող եմ այլ մասնագիտությամբ գումար վաստակել և գնել ցանկացած բան, սակայն մեդալը գնել չես կարող: Ինձ գրավում է այն, որ մարզիկների հետ ներքին պայքարն այլ վայրում չես կարող գտնել: Հրաձգությունը պայքար է միայն քո ու քո միջև:
-Էլմիրա, անցնող տարին իսկապես բացառիկ էր Ձեզ համար գրանցած հաջողությունների առումով: Ի՞նչն է փոխվել այս տարում:
-Դեռևս նախորդ տարի պետք է այս փոփոխությունը լիներ, երբ ընդամենը մեկ միավորի պատճառով դուրս չեկա Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ինձ շատ ոգևորեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը, քանի որ աշխարհի առաջնությունում գրանցածս արդյունքը ինձ համար անսպասելի էր: Այնտեղ գրանցած միավորն ինձ համար անձնական ռեկորդ էր, և ամեն ինչ առավել հեշտ է դառնում, երբ մեկ անգամ այդքան միավոր ես հավաքած լինում: Այս տարի բոլոր այն մրցաշարերին, որոնց մասնակցել եմ, մեդալ եմ նվաճել:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն