Բանակցություններում եղել են անկլավների թեմայով քննարկումներ․ Փաշինյան

Անկլավների հարց, այո, կա, բայց ի՞նչ է նշանակում այդ հարցը, որտեղի՞ց կա և ինչո՞ւ կա: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս։

«Խաղաղության պայմանագրի սկզբունքներից մեկն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի տարածքների վրա, և երբ որ ասում ենք Հայաստանի 29.800 քկմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք ԽՍՀՄ ժամանակ պատկանել են Ադրբեջանին, իսկ Հայաստանի 29.800 քկմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որն էքսկլավ է` շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Այս հարցը պետք է ինչ-որ ձևով հասցեագրվի:

Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, որ նման հարց չկա: Արծվաշենը ինքնիշխան Հայաստանի տարածք է, ես չեմ կարող ուղղակի ասել՝ ՀՀ ինքնիշխան տարածքի այս կտորի հետ գործ չունենք: Երբ մենք  Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որոնք իրենց բնութագրմամբ և ԽՍՀՄ քարտեզներով ու որոշումներով դե յուրե գոյություն են ունեցել: Եթե ասենք` անկլավի հարց չկա, ուրեմն պետք է ասենք, որ էքսկլավի հարց էլ չկա, Արծվաշենի հարց էլ չկա, բայց երկու հարցն էլ կա: Խաղաղության գործընթացում այդ երկու հարցերը պետք է կարգավորվեն»,- ասել է Փաշինյանը և թվել խնդրի լուծման մի քանի տարբերակ։

«Ասենք, մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունն Արծվաշենի նկատմամբ, Ադրբեջանը՝ այն դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ: Այստեղ բազմաթիվ հարցեր կան: Նախ պետք է այդ էքսկլավի տարածքը գծել, վերահաստատել: Երկրորդ` մենք անմիջական սահման Արծվաշենի հետ չունենք, ո՞նց ենք մեր սահմանից մինչև Արծվաշեն տարածքն անցնելու, համապատասխանաբար Ադրբեջանն էլ իր պարագայում: Այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ:

Այստեղ կարելի է այլ լուծում գտնել, որ այն էքսկլավները, որոնք պարփակված են Հայաստանի տարածքով, սկսում են համարվել դե յուրե ՀՀ տարածք, այն տարածքները, որոնք պարփակված են Ադրբեջանի տարածքով, սկսում են համարվել Ադրբեջանի տարածք: Բայց սա արդեն կոնկրետ պայմանագրի թեմա է, որը պետք է նաև Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվի»,- նշել է նա:

Փաշինյանը հայտարարել է, որ բանակցություններում եղել են այդ թեմայով քննարկումներ. «Այս պահին այս թեմայով շատ կոնկրետ, առարկայական պայմանավորվածություն, փոխադարձ համաձայնություն չկան: Եթե մենք գործողություն անելու լինենք, դուք այդ մասին կիմանաք, մենք կքննարկենք»:

Նա նշել է, որ այս խնդրի լուծման որևէ տարբերակ չկա, որից բխող զուգահեռ լուծումները տեղում հնարավոր, մտածված և ծրագրված չլինեն. «Այս հարցի շուրջ լարվածությունները շատ ավելին են, քան արժի, որ այս խնդրի վերաբերյալ լարվածություն ունենանք»:

Ավելացնել նոր մեկնաբանություն