detq

ՀՀ-ում Իրանի դեսպանը վերահաստատում է՝ աջակցում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև ամուր ու երկարաժամկետ խաղաղությանը տարածաշրջանում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին դեսպանն ասել է Երևանում կայացած «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» համաժողովում։

Սոբհանին վստահ է, որ նման միջոցառումները կարող են երկու երկրների համար նոր հնարավորություններ բացել։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի վաղեմի կապերը կարևոր նշանակություն ունեն հարաբերությունների ներկա զարգացման համար։

«Մեր ընդհանուր սահմանը Հայաստանի հետ ամենակարճն է տարածաշրջանի այլ երկրների համեմատ, բայց որակի տեսակետից այն լավագույններից մեկն է։ Այդ սահմանը միշտ եղել է բարեկամության և բարիդրացիության սահման։ Երկու երկրները երբեք չեն սպառնացել միմյանց և միշտ հնարավորություններ են ստեղծել փոխադարձ զարգացման համար։ Մեր փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը ավելացել է և հասնում է 1 մլրդ դոլարի։ Երկրները փոխշահավետ պայմանագրեր են կնքել էներգետիկայի և ենթակառուցվածքի զարգացման ոլորտում»,- նշել է դիվանագետը։

Վերջինս հայտնել է, որ ուսումնասիրվում է նաև հարաբերությունների զարգացման ներուժը։ Նրա համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի հարաբերությունների զարգացմանը ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի բոլոր երկրների միջև։

Սոբհանին հավելել է, որ Հնդկաստանից մինչև Սև ծով Հայաստանով տարանցման հնարավորությունները հուսալի ճանապարհ կբացեն դեպի Եվրոպա ապրանքների շարժի համար։ Այս համատեքստում նա ընդգծել է Հնդկաստանի և Հայաստանի կարևորությունն այդ նախագծին մասնակցության հարցում։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռևս 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային դիրքորոշում հայտնեց, որ չի հանդուրժի, եթե ՀՀ տարածքային ամբողջականությունը և հայ-իրանական 1000-ամյա բարեկամության սահմանը խախտվեն։ Սա զգալիորեն զսպել է թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները, որոնք վերջին շրջանում պնդում են, թե այլևս հետաքրքրված չեն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ։

Ավելացնել նոր մեկնաբանություն