
Չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն և ադրբեջանցիները կգան Հայաստանում կապրեն, ասել է Ալեն Սիմոնյանը
Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի ատելության խոսքը, որը դարձրել են բրենդային:
«Այն, ինչ-որ մենք փոխանցել ենք, և այն, ինչ-որ մենք բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլ լավ գիտեն ու հիմա անընդհատ դրա մասին խոսելն արհեստական խնդիրներ է առաջացնում։ Ակնհայտ է, որ մենք, իրոք, խոսում ենք խաղաղության մասին, այլ ոչ թե թուղթ ենք ստորագրում կամ ձև ենք անում։ Հիմա, որ վրացիները գալիս են Հայաստան ապրելու, որևիցե խոչընդոտ կա՞ կամ հայերը, որոնք գնում են Վրաստան։ Մենք Վրաստանի հետ պայմանագրի մեջ գրե՞լ ենք դրա մասին։ Իհարկե, չենք գրել։
Հայաստանին չի կարելի մեղադրել նույնի մեջ, որովհետև Հայաստանում ընդդիմադիր գործիչները և լրագրողները մեզ, հակառակը՝ մեղադրում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ, հանդուրժող լինելու մեջ։ Պետք է հասկանալի լինի, որ, այո՛, ժամանակ կանցնի և, չեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն և ադրբեջանցիները կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։
Այո՛, խաղաղության ենք գնում, խաղաղությունը այլ կերպ չի լինում ու այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք և մեզ համար անլուծելի խնդիր է՝ ինձ համար անընդունելի է, որովհետև պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր։ Անգլիան և Ֆրանսիան 116 տարի պատերազմել են և այսօր Անգլիան ու Ֆրանսիան դաշնակիցներ են իրար հետ», - ասաց Սիմոնյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն