2)	Մոսուլում գտնվող թուրքական ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել

Մոսուլում գտնվող թուրքական ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել

«Ermeni haber»-ի հաղորդմամբ՝ Իրաքի Բաշիք շրջանի մոտ՝ Մոսուլից 12 կմ հյուսիս, հրթիռ է արձակվել թուրքական «Զիլքան» ռազմաբազայի ուղղությամբ։ Ըստ հաղորդված տեղեկությունների՝ մարդկային կորուստներ չկան, իսկ հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը, որը նաև սպառնացել է Թուրքիային։

«Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ բազայի ուղղությամբ արձակվել է յոթ հրթիռ, որոնցից երկուսն ընկել են բազայի ներսում։ Լուրը հաստատվել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության անվտանգության ստորաբաժանումների կողմից:

Էրբիլից հեռարձակվող «Rudaw» կայքը հայտնում է, որ առավոտյան ժամերին թիրախավորվել է Մոսուլի Բաշիք թաղամասում գտնվող և թուրքական զինված ուժերին պատկանող «Զիլքան» ռազմաբազան։ Ըստ այդմ՝ հրթիռային հարձակումը տեղի է ունեցել ժամը 07:30-ի սահմաններում:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնած իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը Թուրքիային անվանել է զավթիչ և հայտարարել, որ եթե Թուրքիան դուրս չգա Իրաքից, իրենք հարձակումներ են իրականացնելու նաև Թուրքիայի տարածքում։

Մոսուլից 12 կմ հյուսիս գտնվող Բաշիք թաղամասի մոտ գտնվող ռազմաբազան կառուցվել է 2015 թ․ և նախկինում ևս ենթարկվել է հարձակման նույն կազմակերպության կողմից։

Ավելացնել նոր մեկնաբանություն