դետք

Թեհրանը ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը. Նասեր Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ընդունված համատեղ հայտարարությանը՝ նշելով, որ պաշտոնական Թեհրանը ողջունում է այն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններից ու Կովկասում լարվածության հանգուցալուծմանն ուղղված Թեհրանի դիվանագիտական ջանքերից՝ Քանաանին ասել է. «Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը փոխադարձ գործողությունների և համագործակցության վերաբերյալ՝ ներառյալ երկու կողմերի գերիների ազատ արձակումը․ դա դրական իրադարձություն ենք համարում»։

Իրանցի պաշտոնյան շեշտել է նաև, որ խաղաղության հասնելը պահանջում է տարածաշրջանային կողմերի միջև խաղաղ հռետորաբանության և վստահության մթնոլորտի ամրապնդում։ 

«Հուսով ենք, որ այդ միջոցները կհանգեցնեն երկու կողմերի միջև խաղաղության և կայունության: Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրներին տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման գործում»,- եզրափակել է Քանաանին։

#Դետքի_հետագծով

Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահականն օրեր առաջ համատեղ հայտարարություն տարածեցին, համաձայն որի՝ Ադրբեջանը ՀՀ-ին է վերադարձնում 32 հայ զինծառայողի, իսկ ՀՀ-ն՝ փոխադարձաբար 2 ադրբեջանցի զինծառայողի։ Թեհրանը կողմնակից է իր երկու հարևանների հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայունության հաստատմանը, ուստի ակնկալում է, որ այս պայմանավորվածությունը կիրականացվի, և աջակցում է գործընթացին։

Ավելացնել նոր մեկնաբանություն