դետք

Սիրիայի դիմադրությունը խափանեց ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերը. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիայի վարչապետ Հուսեյն Արնուսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի դիմադրությունն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ տապալել է այդ երկրների ծրագրերը։ Ըստ  «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Ռայիսին շեշտել է, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի թշնամանքը հիմնված է Սիրիայի կառավարության ու ժողովրդի դիմադրության և նրանց դավադրությունների ձախողման վրա։

Նա հայտնել է նաև, որ պաղեստինյան դիմադրության խմբերին վերջին 60 օրվա ընթացքում հաջողվել է խայտառակել Իսրայելին և նրա գլխավոր դաշնակից ԱՄՆ-ին` չնայած օդային և ծովային ուժերի պակասին։ Ռայիսիի խոսքով՝ սիոնիստական ռեժիմը չի կարողացել հասնել իր նպատակներից ոչ մեկին` բացառությամբ անմեղ կանանց և երեխաների սպանությունների։

Իրանի նախագահը հավելել է, որ եթե չլիներ ԱՄՆ-ի հետախուզական, ռազմական, անվտանգային, ֆինանսական և լրատվական աջակցությունը, սիոնիստական ​​ռեժիմն արդեն փլուզված կլիներ։ 

«Մենք կասկած չունենք, որ ինչպես Իրաքի, Սիրիայի, Եմենի և Լիբանանի ժողովուրդները հաղթանակ տարան Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների նկատմամբ, Պաղեստինի ժողովուրդը նույնպես հաղթանակած դուրս կգա այս պատերազմից»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի և զինված հակամարտության մեկնարկի սկզբից ի վեր Իրանը ՌԴ-ի հետ միասին աջակցել է գործող նախագահ Բաշար ալ-Ասադին, որին այս աջակցության շնորհիվ հաջողվել է պահպանել իր իշխանությունն ու վերականգնել վերահսկողությունը երկրի տարածքի մեծ մասի նկատմամբ։ Ներկայումս Թեհրանը պնդում է, որ ԱՄՆ-ն նույն կերպ աջակցում է Իսրայելին Գազայի դեմ պատերազմում, և վստահեցնում, որ Պաղեստինի հաղթանակն անխուսափելի է։

Ավելացնել նոր մեկնաբանություն