դետք

ԵՄ-ն պետք է ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկի՝ Գազայում իրավիճակը կայունացնելու համար. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկի՝ կասեցնելու Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները։

Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին ուղղված նամակում։

Իրանի արտգործնախարարը շեշտել է եվրոպական կողմի վերջին դիրքորոշման կարևորությունը Գազայում հրադադարի անհրաժեշտության և այն տևական դարձնելու փորձերի հարցում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Գազայում դադարեցնել խաղաղ բնակիչների սպանությունները, հարգել միջազգային իրավունքը և կենտրոնանալ անօթևան բնակիչներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու ուղղությամբ։

Աբդոլլահիանը նաև ողջունել է Բորելի դիրքորոշումն իսրայելցի վերաբնակների գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում հայտարարելու և Հորդանան գետի արևմտյան ափին վերաբնակների բռնությունը դատապարտելու հարցում:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուին ուղղված նամակում նաև կոչ է արվում ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածի վրա օկուպացիոն ռեժիմի հարձակումներն ընդմիշտ դադարեցնելու, շրջափակումը լիովին վերացնելու և Գազայի հատվածի օկուպացիային վերջ տալու նպատակով։

#Դետքի_հետագծով

ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցության շնորհիվ Իսրայելն ավելի քան մեկ շաբաթ տևած հրադադարից հետո վերսկսել է իր ցամաքային գործողություններն ընդդեմ Գազայի հատվածի։ Այս համատեքստում Թեհրանը ձգտում է նպաստել, որպեսզի կրկին կողմերի միջև հրադադար հաստատվի՝ զուգահեռաբար շարունակելով ՀԱՄԱՍ շարժմանը ցուցաբերվող աջակցությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն