դետք

Շառլ Միշելը պնդում է՝ Արցախի հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Միշելն ասել է «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում։

Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ն այդ հարցի շուրջ շարունակում է բանակցությունները Բաքվի ղեկավարության հետ։

«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն»,- հայտարարել է նա։

Պատասխանելով հարցին, թե խաղաղության համաձայնագրում Արցախի հայերի իրավունքների և անվտանգության պահպանման երաշխիքների հարցին անդրադարձ կա՞, թե՞ ոչ, Միշելը պատասխանել է, որ չի ցանկանում խորանալ մանրամասների մեջ՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ հարցով երաշխավորը պետք է Ադրբեջանի իշխանությունները լինեն։

«Մենք շատ ենք շփվում Ադրբեջանի նախագահի հետ այս թեմայով, որպեսզի բարձրացնենք աչալրջությունը և փորձենք համոզել Ադրբեջանի իշխանություններին ցույց տալ, որ նրանք ցանկանում են պաշտպանել փոքրամասնություններին և երաշխավորել, որ միջազգային չափանիշները պահպանվեն: Սա է քաղաքական բանավեճը, որ ունենք, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կարող ենք առաջընթաց գրանցել ԵՄ-ի համար գերակա հարցում»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցելուց և բոյկոտում է այս ձևաչափը՝ չնայած նրան, որ նախկինում ակտիվորեն մասնակցում էր դրա աշխատանքներին։ Այս համատեքստում ԵՄ-ն ձգտում է Բաքվին վերադարձնել բանակցային սեղանի շուրջը, որպեսզի վերջինս համաձայնվի հենց արևմտյան հարթակում ստորագրել հնարավոր «խաղաղության» պայմանագիրը։

Ավելացնել նոր մեկնաբանություն