Սիրիայի հյուսիս-արևմուտքում զինյալները սպանել են ութ զինվորի
Չորեքշաբթի ութ սիրիացի զինվոր է սպանվել երկրի հյուսիս-արևմուտքում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» գրոհայինների իրականացրած հարձակման հետևանքով:
«HTS-ը արկեր և հրթիռներ է արձակել սիրիական ռազմական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով ութ զինվոր է սպանվել Իդլիբ նահանգի Քաֆր Ռումայի մերձակայքում»,- հայտնել է Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը: HTS-ը գլխավորում են սիրիական «Ալ-Քաիդայի» նախկին անդամները: Սիրիայի պետական լրատվամիջոցներն անմիջապես չեն հաղորդել հարձակման մասին: Հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի մոտ կեսը և հարևան Համա, Հալեպ ու Լաթաքիա նահանգներին սահմանակից շրջաններում տեղակայված են HTS-ի և այլ ապստամբների խմբավորումների անդամներ: Իդլիբի շրջանում ապրում է մոտ երեք միլիոն մարդ, որոնց մոտ կեսը տեղահանված է:
Դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը AFP-ին ասել է, որ 2022 թվականի վերջից զինյալներն «ինտենսիվացրել են գործողությունները ռեժիմի ուժերի դեմ Իդլիբում... Անկարայի և Դամասկոսի միջև մերձեցման համատեքստում»: Նա ասել է, որ տարեսկզբից ի վեր վարչակարգի ուժերի և զինյալ խմբավորումների միջև փոխհրաձգության և բախումների հետևանքով զոհվել է 63 մարդ, որոնցից 45-ը ռեժիմի աջակիցներ էին: 18 զինյալներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի էր։
Նախագահ Բաշար Ասադը հունվարին ասել էր, որ Մոսկվայի միջնորդությամբ Թուրքիայի հետ մերձեցումը պետք է ուղղված լինի Անկարայի կողմից Սիրիայի որոշ հատվածների «օկուպացիայի ավարտին»: Թուրքիան ռազմական բազաներ ունի Սիրիայի հյուսիսում և աջակցում է որոշ տեղական խմբավորումների, որոնք կռվում են ռեժիմի և սիրիական քրդական ուժերի դեմ, որոնց նա համարում է «ահաբեկչական» խմբավորումներ: HTS-ը, որը ՄԱԿ-ի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն, պաշտոնապես խզել է կապերը «Ալ-Քաիդայի» հետ 2016 թվականին և միավորել սիրիական ապստամբների մի շարք փոքր խմբավորումներ։ Չնայած պարբերական բախումներին՝ 2020 թվականին Մոսկվայի և Թուրքիայի կողմից ձեռք բերված հրադադարը հիմնականում պահպանվել է հյուսիս-արևմուտքում:
Ավելացնել նոր մեկնաբանություն