Լիբանանի բանակի հրամանատարը հանդես է գալիս որպես նախագահի հավանական թեկնածու
Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ ալ-Բուխարին հինգշաբթի բանակցություններ է վարել լիբանանյան բանակի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունի հետ։ Հանդիպումը համընկել է լիբանանյան կուսակցությունների միջև նոր նախագահի թեկնածուի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ ինտենսիվ քննարկումների հետ. քննարկվել է այն, որ գեներալ Աունը կարող է խոստումնալից տարբերակ լինել:
Լիբանանը չորս ամիս է, ինչ նախագահական ընտրությունների ճգնաժամի մեջ է, և այդ ժամանակվանից ի վեր՝ նույնիսկ քվեարկության 11 նիստից հետո, խորհրդարանը չի կարողացել ընտրել նոր նախագահ: Երկիրը ղեկավարում է ժամանակավոր կառավարությունը՝ Նաջիբ Միքաթիի գլխավորությամբ:
Լիբանանցիները հույս ունեն, որ Փարիզի հանդիպումը կարող է լուծում առաջարկել ներկայիս քաղաքական ճգնաժամի համար, քանի որ խորհրդարանական դաշինքների բաժանումը մի կողմից «Հիզբոլլահի» և նրա դաշնակիցների, մյուս կողմից՝ կուսակցության հակառակորդների միջև ձայների մեծամասնություն չի տալիս որևէ թեկնածուի։
Քաղաքական ճգնաժամն ուղեկցվել է տնտեսական ծանր ճգնաժամով, որը հյուծել է Լիբանանի քաղաքացիներին. վերջիններս օրեցօր ավելի են հիասթափվում աղանդավորական քաղաքական համակարգից:
Չորեքշաբթի երեկոյան տեղի է ունեցել քրիստոնեական կրոնական իշխանությունների գագաթնաժողովը, որը լիազորել է մարոնի պատրիարք Բեչարա Բուտրոս ալ-Ռահիին հրավիրել 64 քրիստոնյա պատգամավորի հանդիպելու պատրիարքարանի կենտրոնակայանում և հորդորել մնացած պատգամավորներին չլքել քվեարկության նիստերը մինչև նախագահի նոր կայանալիք ընտրությունը։
«Լիբանանի ուժեր» կուսակցության ղեկավար Սամիր Գեագեան նշել է, որ դեմ չէ գեներալ Աունի նախագահ ընտրվելուն, եթե դա վերջ կդնի փակուղային իրավիճակին: Այնուամենայնիվ, «Ազատ հայրենասիրական շարժումը» դեռևս մերժում է այս տարբերակը, քանի որ շարժման ղեկավար, պատգամավոր Ջեբրան Բասիլը կիրակի ունեցած ելույթում քննադատել է գեներալ Աունին:
Պատգամավոր Յակոբ Պակրատունեան՝ Հայ դաշնակցական կուսակցության ընդհանուր քարտուղարը, ողջունել է քրիստոնեական երկխոսության կոչը՝ որպես ճգնաժամը լուծելու միջոց։
Ավելացնել նոր մեկնաբանություն