
Պարզաբանում․ «ՈՄԱ-ի 16-ամյա սանը կրակել է 11-ամյա երեխայի վրա» վերտառությամբ սադրիչ վերնագրով հոդվածի մասին
Առավոտյան «shamshyan.com» կայքը «Արտառոց դեպք՝ Երևանում․ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության 17-ամյա սանը օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»
վերտառությամբ հոդված է հրապարակել։ Պարզաբանելու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում, «Դետքը» խոսեց ՈՄԱ-ի փոխտնօրեն Վաղինակ Վարդանովի հետ։
Նա ասաց, որ հունվարի 6-ին Հովհաննես Մացակյանը, որը մոտ մեկ տարի առաջ՝ 2023 թ․ սկզբին, մասնակցել է ՈՄԱ-ի դասընթացներին, այցելել է ՈՄԱ-ի կենտրոն։ Տարածքում գտնվող հանրակացարանի բակում մշտապես խաղացող երեխաների հետ այդ օրը եղել է նաև Հովհաննեսը։ Խաղի արդյունքում վերջինս խանութից ձեռք բերված խաղալիքով կրակել է 11-ամյա Վոլոդյայի վրա։
«Վոլոդյան և Հովհաննեսը մշտապես գալիս են ՈՄԱ, խաղում միասին, նույնիսկ մեզ հետ հաճախակի սեղանի շուրջ նստում՝ միասին հաց ուտելու։ Չեմ հասկանում լուն ուղտ դարձնելու և դիտումներ հավաքելու նպատակով մեր լոգոն օգտագործելու և ՈՄԱ-ի սանը լինելու փաստը շահարկելու այս մոլուցքը։ Ցանկանում եմ նշել, որ ՈՄԱ-ի դասընթացները վերսկսվել են միայն հունվարի 8-ից՝ դեպքից երկու օր անց, և տարածքում ՈՄԱ-ի որևէ հրահանգիչ չի եղել։ Հորդորում եմ նման բնույթի տեղեկությունը տարածելուց առաջ կապվել նախ մեզ հետ՝ պարզաբանելու, թե իրականությունն ինչպես է եղել»,- նշեց Վաղինակը և հավելեց, որ այսօր մեկնարկում է ՈՄԱ-ի 75-օրյա դասընթացը, ինչին պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել և տարածել, քանզի այն մեր ինքնապաշտպանության զարգացման կարևոր գործոններից մեկն է։
Հ․Գ․։ Ցավալի է նշել, որ հայկական լրատվամիջոցները ՈՄԱ-ի վերաբերյալ ստահոդ հոդվածներն այնպիսի ջանասիրությամբ ու սադրիչ վերնագրերով են տարածում, որ դա կարող է միայն մեծագույն ուրախություն և վայրահաչելու հնարավորություն պարգևել մեր թշնամիներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն