54

Ինչ պայմանով Իրանն է տալիս այդ անցումը Ադրբեջանին, նույն պայմանով Հայաստանն է պատրաստ տալ. Փաշինյան

Անկախության գոյության ողջ ընթացքում մենք Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք. դա ֆունդամենտալ պրոբլեմ է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ իրենց բոլոր գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանն ու պաշտպանմանը։

«Անվտանգային մարտահրավերների մեջ Հայաստանի ռազմավարական ընկալումն այն է, որ մեր բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա, այսինքն՝ պետք է լինեն բացառիկ լեգիտիմ: Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին, ես դրանց հրապարակային անդրադարձել եմ, բայց չեմ զլանա և նորից կանդրադառնամ: Մեր հարցին ի պատասխան՝ Ադրբեջանը երկու հակադարձում է անում. առաջին` եթե Հայաստանը պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից, երկրորդ՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ տեղի ունենա ինչ-որ ստուգման գործընթաց։

Մենք այս հարցին պատասխանել ենք նույն կերպ՝ ինչ պայմանով Իրանն է տալիս այդ անցումը, նույն պայմանով Հայաստանն է պատրաստ տալ, ու եթե Հայաստանի տարածքով անցումն Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կմ է, Իրանի տարածքով էլ 49 կմ է, եթե հսկողական գործառույթներն ընդունելի են 49 կմ-ի համար, բնականաբար, դրանք չեն կարող անընդունելի չլինել 47 կմ-ի համար»,- նշել է Փաշինյանը։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն