Հաղորդակցության պատմական ուղիները պետք է պահպանվեն. Իրանի ԱԳ նախարարը՝ Հայաստանի նախագահին
Դավոսում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ընդգծել է Կովկասում ընթացող զարգացումներում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիության կարևորությունը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի X-ի գրառումից:
«Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտգործնախարարն ընդգծել է Կովկասում գործընթացների զարգացման ֆոնին հաղորդակցության պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայությունը», - X-ի իր էջում գրել է Իրանի դեսպանը։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին հայտարարել է՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։
Պաշտոնական Երևանն իրհերթին բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է։
Ավելացնել նոր մեկնաբանություն