
Երբ աղջիկներն ու տղաները միասին ծառայեն, բավականին առաջընթաց է բանակի համար․ իգական սեռի առաջին ժամկետային զինծառայող
ՀՀ պաշտպանության նախարարության իգական սեռի ներկայացուցիչների պարտադիր զինվորական 6-ամսյա ծառայության ծրագրի շրջանակում Միլենա Ենոքյանն արդեն մեկնում է ծառայության։ Նրա մասին պատմել է ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարը։
Միլենան երկու տարի փորձել է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, տեսողության հետ կապված առողջական խնդիրներով պայմանավորված՝ զինծառայության համար պիտանի լինելու մասին բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ստանալ չի հաջողվել, վերջերս է վիրահատվել և ստացել այդքան սպասված բժշկական եզրակացությունը՝ «պիտանի է ծառայության», փոխանցում է «Հայկական ժամանակը»։
«Իմ տեսակին համահունչ է, ճիշտ է, որոշ դեպքեր նպաստել են դրան։ Ինքս երազում եմ, որ մենք հզոր բանակ ունենանք և ամուր պետության մեջ ապրենք։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրիս պարտքն է մեր դերն ունենալ այս գործում, ամենակարևորը՝ պետք է միշտ ինքնակրթվենք և կապ չունի, թե որ ոլորտում կլինենք, կարծում եմ՝ ինչքան էլ սովորենք, դա մեզ համար քիչ է»,- ասել է նա։
Միլենան դպրոցն ավարտելուց հետո նախորդ երկու տարվա ընթացքում ծրագրավորում է ուսումնասիրել, մասնագիտական պրակտիկա անցել ոլորտի ընկերություններից մեկում։ Մասնակցել է շախմատ առարկայի դպրոցական դասագրքերի կազմման աշխատանքներին, դրանցում առկա առցանց խաղերի հեղինակն է։ Առանձին հետաքրքրություններ ունի օտար լեզունեի նկատմամբ, իսկ սպորտը առօրյայի անբաժանելի մասն է։
«Ընտրել եմ ռազմական գործը, հիմա զբաղվում եմ ծրագրավորմամբ, կշարունակեմ, որովհետև գիտեմ՝ պետք է գալու ռազմական գործին։ Ռազմական գործին ծանոթ եմ, լիովին կծանոթանամ 6-ամսում և, իհարկե, ռազմական համալսարանում։ Կարծում եմ՝ շատ պրոֆեսիոնալ բանակ ունենք, երբ աղջիկներն ու տղաները ծառայեն միասին, դա բավականին առաջընթաց է մեր բանակի համար։ Ես չեմ ուզում գլուխ գովել, որ 6 ամիս պարտադիր պետք է լինեմ առաջնագծում, դեռ շատ սովորելու տեղ ունենք: Ռազմական համալսարանում էլ որոշ գիտելիքներ ձեռք բերելով՝ կկարողանանք հետագայում օգնել մեր տղաներին, և պետությունն ավելի հզոր կլինի, ամուր կզգանք հողի վրա»,- նշել է աղջիկը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Ավելացնել նոր մեկնաբանություն