ՀՀ-ն ականապատ դաշտերի 8 նոր տեղամատյան կփոխանցի Ադրբեջանին. ԱԱԾ

Առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին կփոխանցվեն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ):

Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել` Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ և հումանիտար քայլը օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հրապարակային և աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով:

Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկություններից հետո և ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է` շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել 8 նոր տեղեկամատյաններ:

Այդ տեղեկամատյանները առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:

Ավելացնել նոր մեկնաբանություն