դետք

ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանի տարածքին

Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանի դեմ գրոհի արձագանքման տարբերակների թվում ԱՄՆ-ն չի բացառում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գաղտնի գործողություն իրականացնելու հնարավորությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ամերիկյան «Bloomberg» գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ըստ գործակալության՝ հարձակումը կառաջացնի Վաշինգտոնի ավելի վճռական արձագանքը, որը մասշտաբներով կգերազանցի Գազայի հատվածում հակամարտությունը սկսվելուց հետո նրա ցուցաբերած արձագանքին։

Հնարավոր գործողությունների թվում գործակալությունը նշել է գաղտնի գործողությունը, որի ընթացքում ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, ընդ որում՝ գործողությանն իր մասնակցության մասին Վաշինգտոնը չի հայտարարի։

Նշվում է, որ ԱՄՆ-ն կարող է նաև ուղիղ գրոհներ կազմակերպել իրանցի պաշտոնյաների դեմ։

«Անկախ այն բանից, թե ինչ կձեռնարկի Վաշինգտոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է ընդունի ամենակարևոր որոշումներից մեկն իր պաշտոնում։ Դա կարող է հանգեցնել ուղիղ առճակատման Վաշինգտոնի և Թեհրանի միջև»,- ասվում է հրապարակման մեջ։ 

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հորդանանի հյուսիս-արևելքում` սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող ամերիկյան նյութատեխնիկական ուսումնական բազան ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով 3 ամերիկացի զինծառայող զոհվել է, 34-ը` վիրավորվել։

#Դետքի_հետագծով

Հորդանանում ԱՄՆ բազայի ուղղությամբ հարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»: Կազմակերպությունը հայտարարել է, որ հարձակումը «եղել է պատասխան Իրաքում ԱՄՆ օկուպացիոն ուժերին և Իսրայելի կողմից զանգվածային սպանություններին»:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը որևէ առնչություն չունի հարձակման հետ, սակայն սրանից ԱՄՆ-Իրան առճակատման վտանգը չի փոքրացել։

Ավելացնել նոր մեկնաբանություն