
ԵՄ-ից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը կխաթարի խաղաղությունը Հարավային Կովկասում. Բայրամով
«Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը ցանկացած պատրվակով կխաթարի հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունը»,- այս մասին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների միջև փոխայցելությունների, մշտական քաղաքական երկխոսության, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը։ Կողմերը նշել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների առկայությունը, մասնավորապես էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, փոխադարձ ներդրումների և այլ ոլորտներում։
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ 30 տարի անց տարածաշրջանում առաջին անգամ բարենպաստ պայմաններ են ձևավորվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու համար։ Բայրամովը հավելել է, որ Եվրամիության կողմից Հայաստանին ցանկացած պատրվակով ռազմական օգնություն տրամադրելը, հովանավորչություն ցուցաբերելու ցանկությունը միայն կխաթարեն հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացը։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի վստահելի գործընկերն է, և Բաքվի նկատմամբ ցուցաբերվող «երկակի ստանդարտների» քաղաքականությունն ու անարդար մոտեցումը չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղությանը։
«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հակաադրբեջանական որոշման ընդունումը չի ծառայում երկխոսությանը»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն